«Պարո՛ն Պուտին, դա պատերազմ է». Պորոշենկոն՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Կերչի նեղուցի միջադեպին, տեղի ունեցածն անվանել է «պատերազմ»:
Դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պորոշենկոն հայտարարել է, որ «դա բացահայտ ագրեսիա է»:
«Պարո՛ն Պուտին, դա ագրեսիա է, պարո՛ն Պուտին, դա պատերազմ է: Դա կատակ չէ, միջադեպ չէ, ճգնաժամ չէ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Պորոշենկոն ագրասիա է որակել նաև ուկրաինացի նավաստիների ձերբակալությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: