Դոնալդ Թրամփ․ «Ժողովուրդը կապստամբի, եթե ինձ իմպիչմենտ հայտարարեն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի անհանգստանում հնարավոր իմպիչմենտի պատճառով, քանի որ «ոչ մի վատ բան» չի արել և օրենք չի խախտել:
«Դժվար է իմպիչմենտ հայտարարել մեկին, ով ոչ մի վատ բան չի արել և ստեղծել է մեր երկրի պատմության մեջ հզորագույն տնտեսությունը: Ես ընդհանրապես մտահոգված չեմ, ո՛չ: Կարծում եմ՝ ժողովուրդը կապստամբի, եթե դա տեղի ունենա», - հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ նախագահ Թրամփի՝ ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարն իրական է: Կոնգրեսականը չի բացառել, որ նախագահի պաշտոնը լքելու նույն օրը Թրամփը կարող է բանտում հայտնվելու սպառնալիքի առաջ կանգնել, քանի որ նրա նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենի վերջերս արած խոստովանությունները վկայում են, որ նախագահն իրոք հանցանք է գործել:
Քոհենը պատմել էր, որ Թրամփի անմիջական ուղղորդմամբ պայմանավորվել է National Enquirer-ի ղեկավարության հետ նախկին երկու պոռնոաստղերից Թրամփի հետ սեքսուալ կապի մասին պատմող պատմությունների հրապարակման իրավունքը գնելու շուրջ: Թրամփի թիմը փորձել է այնպես անել, որ պատմությունները չտարածվեն մամուլում:
Հայտնի է, որ դա տեղի է ունեցել 2016թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում: Թրամփն ամեն ինչ արել է իրեն վարկաբեկող նյութերի հրապարակումը կանխելու համար: Երկու պոռնոաստղն էլ խոշոր գումար են ստացել Թրամփից ու համաձայնել լռել: