Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԲՀԿ-ի հետ մտերմության մասին հրապարակման վերաբերյալ։

Պարզաբանման մեջ նշված է.

««Ժամանակ» օրաթերթը «տեղեկատվություն» է տարածել, թե Աժ ընտրությունների օրը ոստիկանությունը ահազանգեր է ստացել ԲՀԿ-ի կողմից կատարվող ընտրախախտումների վերաբերյալ, սակայն միջոցներ ձեռնարկելու փոխարեն զգուշացրել է ԲՀԿ-ի ղեկավարությանը, որ ավելի «աննկատ և քողարկված» աշխատեն:

Հայտնում ենք, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ վերքաղաքական կառույց է և գործում է բացառապես օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով:

Հրապարակման ուղղակի հերքումն է նաև ոստիկանության ծավալուն աշխատանքը և´ քարոզարշավի, և´ բուն քվեարկության օրը, որին ականատես են եղել մեր ողջ հասարակությունը, լրատվամիջոցները, դիտորդները:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ լուրեր տարածելու մարտավարությունից ու հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»։