Փարիզի դատախազությունը գործ է հարուցել Apple-ի դեմ iPhone-ի դիտավորյալ հնացման պատճառով
Փարիզի դատախազությունը արտադրության մեջ անբարեխիղճ պրակտիկայի կապակցությամբ հետաքննություն է սկսել Միացյալ Նահանգների Apple կորպորացիայի շուրջ ծավալված սկանդալից հետո, որը խոստովանել է, որ կանխամտածված դանդաղեցրել է iPhone-ի հին մոդելների աշխատանքը:
Հունվարի 8-ին այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դատական աղբյուրները: Գործակալության տեղեկատվությամբ՝ գործը հարուցվել է ԱՄՆ-ի ընկերության արտադրանքի «պլանավորված հնացման» փաստով:
Հետաքննությունը սկսվել է հունվարի 5-ին և հանձնարարված է Մրցակցության, սպառման և խարդախության դեմ պայքարի հարցերի գլխավոր վարչության (DGCCRF) ստորաբաժանումներից մեկին:
Դատական վարույթն սկսվել է այն գանգատի հիման վրա, որը տրվել է «Վե՛րջ պլանավորված հնացմանը» հասարակական կազմակերպության կողմից, որն Apple-ին մեղադրել է շարժական սարքերի արտադրողականության կանխամտածված նվազեցման և դրանց աշխատանքի ժամկետի դիտավորյալ կրճատման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: