10 000 դրամի գողության համար դատապարտված կնոջ որդու ծառայակիցները բաց նամակով դիմել են Փաշինյանին
Մի խումբ զինծառայողներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրան մարդասիրություն դրսևորել և թույլ չտալ ազատազրկել իրենց ծառայակցի մորը՝ Հասմիկ Սարգսյանին:
Վերջինս առավել հայտնի է դարձել հանրությանը, երբ 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մի քանի պայմանականորեն չկիրառված դատավճիռ ունենալու պարագայում 10 000 դրամի գողություն անելու համար։
«Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։ Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը։ Պարոն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ, ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք»- ասված է զինծառայողների բաց նամակում։