«Տեղեկատվական դաշտը դիտարկելիս պետք է հիշել, որ քարոզարշավի համար քաղաքական ուժերին շատ կարճ ժամանակ էր տրված, բայց մյուս կողմից քարոզարշավը սկսվել էր դեռ ապրիլից։ Այս առումով նորաստեղծ ուժերն ավելի ծանր պայմաններում էին գտնվում, քանի որ հանրության շրջանում ճանաչելի դառնալու խնդիր ունեին։ Նշված հանգամանքը հաշվի առնելով՝ մասնակից ուժերը հիմնական շեշտը դրեցին համացանցային գովազդի վրա։ Այս նպատակով աննախադեպ ռեսուրսներ ծախսվեցին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, ֆեյսբուքից բացի՝ գովազդը տեղադրվում էր նաև Google-ի գովազդային համակարգում, ինչի արդյունքում հեռախոսով խաղ խաղացողները քաղաքական գովազդի էին հանդիպում։

«Սակայն ամենամեծ գումարները ծախսվեցին ֆեյսբուքյան գովազդի վրա, որովհետև ֆեյսբուքը շարունակում է մնալ քաղաքական գործիք։ Հարյուրավոր ռեյտինգային թեկնածուների գովազդների հետևանքով մի քանի օրվա ընթացքում գովազդի գինը ֆեյսբուքում ավելացավ մոտ 50 տոկոսով»,- փաստեց մասնագետը՝ հավելելով, որ քաղաքական թեմաներից հոգնած շատ մարդիկ այս օրերին ուղղակի դուրս եկան ֆեյսբուքից և «փախուստ գործեցին» ինստագրամ, որը շատ ակտիվ շարունակում է աճել։

Անդրադառնալով ֆեյքերի թեմաներին՝ Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ այս ընտրություններին զարմանալիորեն պասիվ էին ինչպես ադրբեջանական, այնպես էլ ռուսական ֆեյքերը։ Ադրբեջանի կողմից պասիվությունը բանախոսը բացատրեց նրանով, որ ամենայն հավանականությամբ, այդ երկրի վերին օղակներից համապատասխան հրահանգ չի իջեցվել։

Ադրբեջանում, ըստ նրա, դեռ չեն պատկերացնում՝ ինչ է Հայաստանում կատարվում և չգիտեն՝ ինչ քայլերի դիմեն։ Ընդհանուր առմամբ չկողմնորոշվածություն կա։

Սամվել Մարտիրոսյանը նաև շեշետեց, որ ֆեյսբուքն այժմ ավելի հեշտությամբ է «բռնում» ֆեյքերին, և կեղծ հաշիվներն բացելն այլևս այդքան էլ հեշտ չէ։

«Առաջ են մղվել իրական դեմքերը, ովքեր կարծիք են ձևավորում սոցիալական ցանցերում։ Բացի այդ՝ այս անգամ շատ մեծ էր անհատական ներգրավվածությունը, և որոշ քաղաքական գործիչներ ցանցերում անձամբ էին սեփական քաղաքական գովազդով զբաղվում»,- ասաց ՏՏ փորձագետը։

Վերջում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ամենահիշվող ցանցային գովազդը Հանրապետական կուսակցությանն էր՝ սկսած սև-սպիտակ տխուր պաստառներից, վերջացրած սպիտակ ձիով։