Զոհված ոստիկանի կինը Սեֆիլյանին կոչ է արել իր անունից չխոսել
2016թ-ի հուլիսին պարեկապահակային ծառայության գնդի գրավման ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կին Արփինե Թումասյանը լրագրողների հետ զրույցում հակադարձել է իր ամուսնու մահվան հանգամանքների շուրջ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին:
Սեֆիլյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խոչընդոտում է «Սասնա ծռերի» և ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկանների ընտանիքների հանդիպմանը:
«Ժիրայր Սեֆիլյանին ասում եմ՝ թող որևէ մեկի անունից չխոսի, չասի, թե ինձ որևէ մեկը հորդորել է (չհանդիպել իրենց հետ-խմբ): Ով կասի, որ ինձ ինչ-որ մեկը հորդորել է, պատասխանատվության եմ ենթարկելու: Ինձ անգամ Օսիպյանը չի կարող ասել: Ես մեծ կորուստ եմ ունեցել, պայքարելու եմ մինչև վերջ: Եկան մեր տները քանդեցին, հիմա էլ դատարանում արդարություն են պահանջում: Մեր ամուսինների արյան գնով դուրս են եկել՝ քայլում են: Երկու տարի ձայն չեմ հանել, բայց հիմա մինչև վերջ պայքարելու եմ», - ասել է Արփինե Թումասյանը: