Կոշիկ, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն
Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։
Բիզնես Արմենիայի թիմից հայտնում են, որ հետազոտության մասնագետների տվյալով, վերջին 2 տարում Հայաստանում 35-43 տոկոսով աճել է տեքստիլի, հագուստի և կաշվե արտադրանքի արտահանման ծավալը, 40 տոկոսից ավելին արտահանվում է Եվրամիության երկրներ։ Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու արտերկրյա դիստրիբյուտորներին են մատակարարում նաև դիզայներական նմուշներ։
Ոլորտում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը մի շարք աջակցության ծրագրեր է իրականացնում, որի շնորհիվ, Հայաստանը եվրոպական, իրանական, ասիական երկրների ներդրողների համար գրավիչ հարթակ է՝ այստեղ արտադրություն հիմնելու և զրոյական մաքսատուրքով ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա դուրս գալու համար։
Հրապարակվել է նաև միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչությունները։
Մարքեթինգային փաթեթն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Հետազոտությունը և ամբողջական փաթեթը՝ Select Armenia-ի հարթակներում են։