Կայացել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովը
Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովը: Ծրագիրը Եվրոպական Միության (ԵՄ) և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2015-2018թթ-ի ծրագրի մասն է կազմում:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Բանախոսներն իրենց խոսքում կարևորել են վերոնշյալ ծրագրի շրջանակում իրականացված համատեղ արդյունավետ աշխատանքը:
Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և ԵԽ գործընկերներին և շեշտել, որ համագործակցության կարևոր գնահատականներից է շոշափելի արդյունքը, ինչն ակնհայտ է Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար՝ ուսումնական նոր նյութերի, նոր դասընթացների, անցկացված վերապատրաստումների առումով:
«Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ կարող ենք նախանշել նաև հետագա համագործակցությունը»,- հավելել է ռեկտորը:
Խոսելով հիմնական ձեռքբերումների մասին Հայաստանում քրեական արդարադատության բարեփոխումների գործընթացի համատեքստում՝ ծրագրի շահառու կառույցների՝ ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները: Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը մանրամասնել է Ակադեմիայի կողմից իրականացված աշխատանքները և արդյունքները:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է ծրագրի շրջանակում ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանի հեղինակությամբ նոր լույս տեսած ուղեցույց-ձեռնարկը՝ «Վատ վերաբերմունքի գործերի քննության առանձնահատկությունները միջազգային չափանիշների, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի, ինչպես նաև ազգային օրենսդրության և դատական պրակտիկայի լույսի ներքո»:
Համաժողովի ավարտին սերտիֆիկատներ են հանձնվել «Վատ վերաբերմունքի արգելքը» ԵԽ HELP ծրագրի (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) հեռավար ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտած դատախազներին և քննիչներին: