Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով: Որոշման հրապարակումից հետո այդ մասին լրագրողներին է ասել նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Նա պնդել է, որ Գրիգորյանի նկատմամբ անարդար վերաբերմուն է ցուցաբերվում, հայտնում է Aysor.am-ը:
«Սրանք ցուցադրական որոշումներ են: Նախկին իշխանության օրոք կար այդպիսի արտահայտություն՝ «մեր դեմ խաղ չկա» ու վարույթ իրականացնող մի մարմինը մեզ ցույց է տալիս՝ մեր դեմ խաղ չկա, ուզում եք դատարան դիմեք, ուզում եք դատախազին միջնորդություն գրեք, ցանկացած պայմաններում մեր դեմ խաղ չկա ֆորմուլան աշխատում է», - ասել է նա:
Խոսելով Գրիգորյանի առողջական վիճակից՝ փաստաբանը հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ին Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր.
«Ծանր առողջական վիճակի պատճառով նպատակահարմար գտանք, որ այսօր չմասնակցի նիստին», - ասել է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում իրենք կդիմեն նաև ՄԻԵԴ:
Մկրտչյանն ընդգծել է, որ Գրիգորյանը պատշաճ բուժում չի ստանում, քանի որ նրա առողջական վիճակում բուժումը կալանավայրում հնարավոր չէ ստանալ: Պաշտպանի խոսքով՝ համակարգի բժիշկների վրա որոշակի ճնշում կա, որի արդյունքում նրանք անհրաժեշտ բուժզննում չեն իրականացնում՝ հայտարարելով, թե վիճակը նորմալ է: