Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի դրսևորած պատասխանատվության զգացումը վկայում են ժողովրդավարության իդեալներին Հայաստանի ժողովրդի հանձնառության մասին», - մասնավորապես ասված է հեռագրում:

«Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքին ընտրողների ցուցաբերած անվերապահ աջակցությունը համոզիչ ապացույցն է այն վստահության, որ վայելում է Հայաստանում Ձեր հայտարարած բարեփոխումների ուղղությունը, ու նաև ապացույցն է դրանց իրագործմանն ակտիվ մասնակցելու այն պատրաստակամության, որ ունի Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը:

Համոզված ենք, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի ակտիվ աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակողմանի ամրապնդմանն աջակցելու, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև իրական դաշնակցային հարաբերությունները պահպանելու ուղղությամբ», - Փաշինյանին գրել է Սեմերիկովը: