Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Մոտ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության:

«Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011թ-ից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը կդրվի գործնական հիմքերի վրա:

Երևան համայնքը, ի դեմս նոր վարչակազմի, հանձնառու է լուծել կենդանիների և մարդկանց անվտանգ շփման խնդիրը: Այս ուղղությամբ արմատապես նոր մոտեցումներ են որդեգրվել:

«Ցավով ու վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում հանուն մարդկանց անվտանգության ու հարմարավետության ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդը: Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական և այլ կարգի չարաշահումները, մենք այսօր փաստում ենք, որ նախկին պրակտիկան անմարդկային է, ժամանակավրեպ և անարդյունավետ»,- նշել է քաղաքապետը:

Ընդգծելով Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» կազմակերպության միջև համագործակցության հաստատումը՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ այն կլինի արդյունավետ ու հանուն մարդկանց և կենդանիների բնականոն համակեցության:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ. մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք այսուհետ չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց և կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և մարդիկ, և կենդանիները»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Այնուհետ Երևանի քաղաքապետարանի և բրիտանական «Փրո Փոուզ» կազմակերպության միջև ստորագրվել է կենդանիների հիմնախնդիրների վերահսկման մասին համագործակցության հուշագիր: Մասնավորապես, ըստ հուշագրի, կենդանիների բարեկեցությանն ուղղված ծրագրեր կիրականացվեն ոլորտի կարգավորման, հանրային վերահսկողության հաստատման, կանոնակարգերի մշակման, ռազմավարական ծրագրերի և կրթական նախագծերի իրականացման ու մի շարք այլ ուղղություններով: