Ճապոնացի տիեզերագնացը ՄՏԿ-ում մնալով երեք շաբաթ, 9 սանտիմետր աճել է
Ճապոնացի տիեզերագնաց Նորիշիգե Կանաին միջազգային տիեզերակայանում մնալու երեք շաբաթվա ընթացքում աճել է 9 սանտիմետրով։ Նա վախենում է, որ չի տեղավորվի իրենց Երկիր տանելու համար նախատեսվա պարկուճի մեջ, հաղորդում է BBC-ն։
Նորիշիգե Կանաին սոցցանցերում գրառում է արել. «Բարի լույս բոլորին։ Այսօր մեծ նորություն ունեմ։ Չափել ենք իմ հասակը, ես աճել եմ 9 սանտիմետրով»։ Տիեզերագնացները սովորաբար տիեզերքում աճում են երկու-երեք սանտիմետրով։ Անշարժության մեջ ողերը թեթեւակի ձգվում են, քանի որ չի ճնշում մարմնի քաշը։ Երկրի վրա նրանց հասակը վերադառնում է սովորական չափին։ «Ես բույսի պես աճել եմ, ընդամենը երեք շաբաթում։ Նման բան իմ հետ չէր եղել»,- ասել է տիեզերագնացը։
Բանն այն է, որ «Սոյուզ» տիեզերանավում, որը պետք է տիեզերագնացներին վերադարձնի Երկիր, հասակի սահմանափակումներ կան, եւ բարձրահասակ տիեզերագնացը կարող է չտեղավորվել։ Նորիշիգե Կանաիի համար սա առաջին թռիչքն էր տիեզերք։ Նախկինում նա զինվորական բժիշկ էր Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերում։