Ֆուտբոլային աշխարհի լեգենդներից մեկը համաձայնվել է գալ Հայաստան և մարզել տեղի մարզիչներին: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ պետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել մի լեգենդար ֆուտբոլային մասնագետի, ում անունը հիմա չեմ կարող ասել, որովհետև, ըստ պայմանագրի, իրավունք չունեմ: Հունվարի 6-ին կկարողանանք այդ անձի անունը տալ: Դա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, որը համաձայնվել է գալ բնակվել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին և գրել ֆուտբոլի զարգացման ծրագիրը»,- ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա հավելել է, որ խնդիր կա Հայաստանում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը և մասսայական ֆուտբոլը, այսինքն՝ ֆուտբոլ խաղան որքան հնարավոր է շատ երեխաներ: Ըստ Վանեցյանի, դրա համար պետք են դաշտեր, գնդակներ և պետք են, ամենակարևորը՝ մարզիչներ:

«Դաշտերի հետ կապված՝ ես այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել եմ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ, Դուբլինում այս վերջերս հանդիպում կայացավ Չեֆերինի հետ՝ ՈւԵՖԱ-ի նախագահի հետ, և մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստանին, Ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսավորում ապահովեն մեզ, որ մենք կարողանանք կառուցենք փոքր դաշտեր: Մեր նպատակն է՝ առաջին հինգ տարում Հայաստանում կառուցենք մոտ 700 փոքր դաշտ»,- ասել է նա:

Վանեցյանը հայտնել է, որ 2019թ-ին Վայոց ձորի մարզում կառուցվելու է 12 փոքր դաշտ, կառուցվելու են Եղեգնաձորի մարզադաշտը և ֆուտբոլի դպրոց Մարտունիում, կառուցվում է Սիսիանում ֆուտբոլի դպրոց, Արմավիրում, Էջմիածնում: