Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ, մայոր Տիգրան Դավիթավյանը հայտնել է, որ 1991թ-ից մինչ օրս հայտնաբերվել է Ադրբեջանի 21 գաղտնի գործակալ։ Այս մասին գրում է iravaban.net-ը։

Այն հարցին, թե արդյո՞ք նրանց թիվը կարող է ավելին լինել, քան հայտնաբերվածներն են, ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը պատասխանել է.

«Մենք այն կանխավարկածով ենք աշխատում, որ ավելի շատ են։ Դա մեր աշխատանքն է»։

Հանդիպմանը խոսվել է նաև սոցիալական ցանցերի միջոցով ադրբեջանցիների կողմից մարդկանց հավաքագրելու մասին.

«Եթե համացանցով ծանոթանում, ամուսնանում են, կարող են նաև հավաքագրել»,- ասել է Ա. Քինակցյանը։

Տիգրան Դավիթավյանը նշել է, որ հաճախ սոցցանցերում ադրբեջանցի գործակալները կայուն կապ են հաստատում հատկապես զինծառայողների հետ, սկսում զրույց հիմնականում այսպիսի հարցերի շուրջ՝

«-Բարև ախպերս, դու x զորամասում ես ծառայում, ես երկու տարի առաջ եմ ծառայել, մեր ժամանակ հրամանատարը y-ն էր, բա հիմա ո՞վ է։ Մենք այդ դիրքերում չէինք կանգնում, դուք հիմա կանգնու՞մ եք…»:

Այսպիսով տեղեկություններ ստանալով փորձում են շանտաժ անել ու ասել, թե եթե չհամաձայնի իրենց հետ աշխատել, ապա իր ղեկավարությանը կհայտնեն, որ նա նման տեղեկություններ է հայտնել իրենց ու ինքը կպատժվի։ Իսկ եթե համաձայնի, ապա կվճարեն ստացած տեղեկությունների դիմաց։ Ահա այսպիսով հավաքագրում են անձանց։

Նշենք նաև, որ ադրբեջանի հատուկ ծառայողները կապի մեջ են մտնում հայի կենսորոշիչ տվյալներով (օրինակ՝ Վարդան Պետրոսյան), գրում են լատինատառ հայերենով (Vardan Petrosyan)։