Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են աշխատանքի «ստրկատիրական» օրենքի և վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության դեմ զանգվածային բողոքի ցույցերը: 

Դեկտեմբերի 17-ի երեկոյան մոտ 1000 մարդ հավաքվել է MTVA հանրային հեռուստատեսության շենքի շուրջ, իսկ խորհրդարանի ընդդիմադիր կուսակցության մի քանի պատգամավոր ներխուժել է շենք:

«Մենք ուզում ենք խոսել մամուլի ազատության մասին և հայտնի դարձնել «ստրկության օրենքի» դեմ բողոքող հազարավոր ցուցարարների պահանջները»,- ասել է Հունգարիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Բերտալան Տոտը:

Ընդդիմադիրները մեղադրել են MTVA-ին «ծախված» լինելու համար: Նրանց խոսքով՝ պետական հեռուստատեսությունն Օրբանի մասնավոր հեռուստաընկերությունը չէ, այլ հունգարացի ժողովրդի հեռուստատեսությունը, որը ֆինանսավորվում է նրանց հարկերից:  

Հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցները դուրս են հանել շենք ներսխուժած երկու ընդդիմադիր պատգամավորի:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 12-ից:

Նոր օրենքները կարող են հունգարացիների միջին աշխատանքային օրը երկարեցնել հավելյալ երկու ժամով կամ շաբաթական լրացուցիչ մեկ աշխատանքային օրով:

Համաձայն առաջարկված օրենքի նախագծի՝ գործատուներին յուրաքանչյուր աշխատողի համար տարվա կտրվածքով հավելյալ 250 ժամվա աշխատանք է երաշխավորվում: Ինչ վերաբերում է մնացած աշխատաժամերին՝ գործատուները ստիպված կլինեն համաձայնության գալ աշխատողների հետ:

Վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը հայտարարել է, որ Հունգարիայում աշխատանքային շաբաթը նախկինի պես բաղկացած կլինի հինգ 8-ժամյա օրից, իսկ աշխատողները ցանկացած հավելյալ աշխատաժամի դիմաց կվճարվեն: