«Հայաստանի կառուցողական կուսակցության» առաջորդ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Պահանջում եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։ Չնայած այն հանգամանքին, որ մեկ գրամ հավատ չունեի, որ այդ անձը կարող էր դրական առումով փոխվել, բայց, ամեն դեպքում, սպասում էի։ Այսօր շարունակվելու է դատարանում քննվել Անդրիաս Ղուկասյանի դեմ շինծու մեղադրանքով իրականացվող գործի քննությունը, որի նախաձեռնողներն են եղել նախկին նախագահն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Մինչ օրս այդ անձը չկարողացավ կամք դրսևորել և հրաժարվել դատարանում այդ շինծու մեղադրանքից։ Դա նշանակում է, որ Արթուր Դավթյանը շարունակում է իր գործելաոճը և նրա մոտ ոչինչ չի փոխվել։ Այլ գործերով նույնպես դատախազությունն աշխատում է նախկին, հին մեթոդներով` կեղծ և շինծու գործերը դատարան ուղարկելով:

Նոր Հայաստանին հարիր չէ գործող գլխավոր դատախազը, ում պաշտոնավարումը չարիք է դարձել ամբողջ համակարգի համար, քանի որ դատախազությունում աշխատող ազնիվ դատախազները ստիպված են լինում կատարել Արթուր Դավթյանի անօրինական կարգադրությունները: Դիմում եմ նաև մեր հարգելի նորընտիր պատգամավորներին` թույլ չտաք, որ նախկին իշխանության կողմից ընտրվածը շարունակի իր անօրինական գործելաոճը Նոր Հայաստանում։ Եթե նա հրաժարական չտա, ուրեմն պետք է գործի անցնեն պատգամավորները»,- գրել է Ինեսա Պետրոսյանը:

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: