Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով՝ նշելով, որ երկրի հզոր ռազմական ներուժը ղարաբաղյան հակամարտության «կարգավորման հիմնական ասպեկտն է»:

«Առկա տեխնիկան և սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ և մեծ ավերիչ ուժով ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ»,- ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր բանակը:

«Մենք բազմաթիվ պայմանագրեր ենք կնքել, որի արդյունքում կներկրվի ամենաարդիական սպառազինություն և տեխնիկա»,-ասել է նա:

Նա նորից կրկնել է այն թեզը, որ հաջող գործողությունների արդյունքում Ադրբեջանի հսկողության տակ է անցել 11,000 հա տարածք Նախիջևանի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ-ն ամրացել է ռազմավարական նշանակության բարձունքներում:

«Այդ բարձունքները թույլ են տալիս մեզ լիովին վերահսկել Հայաստանի տարածքի ռազմավարական ճանապարհներն ու կոմունիկացիաները»,- ասել է նա:

Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևի իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմական արդյունաբերության ծավալները վերջին 11 տարում ավելացել են մոտ 33 անգամ։