Ալավերդի քաղաքի տնական հավկիթները լաբորատոր հետազոտության են ենթարկվել Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում, որի արդյունքում տնական հավկիթներում հայտնաբերվել է քաղցկեղածին նյութ․ հետազոտությունն իրականացվել է այս տարվա ամռանը, իսկ արդյունքների մասին հրապարակում եղել է նախորդ շաբաթ։

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասել է, որ ինքն էլ այս մասին իմացել է մամուլի հրապարակումներից:

«Մամուլից եմ տեղեկացել, որ կատարվել է ուսումնասիրություն, և Ալավերդի քաղաքում տնական հավկիթների մեջ հայտնաբերվել է քաղցկեղածին նյութ կամ ավելի ճիշտ է ասել՝ դիօքսիդ»,- ասել է նա։ Այս մասին գրում է factor.am-ը։

Հարցին՝ իսկ իմանալուց հետո ի՞նչ քայլերի է դիմել որպես սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու մարմնի ղեկավար, Գեորգի Ավետիսյանն արձագանքել է․

«Ինչ-որ չեխական կազմակերպություն է այդ հետազոտությունն իրականացրել։ Ես մանրամասները չգիտեմ՝ ինչո՞ւ է արել, ո՞վ է իրենց բերել, ես որևէ տեղեկություն այդ մասին չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա մենք եկող տարվանից ենք կիրառելու մոնիթորինգային ծրագրեր։ Էստեղ լուրջ մոնիթորինգային ծրագիր և լուրջ ֆինանսավորում է պետք։ Դիմել ենք Կառավարությանը նաև միջնաժամկետ ծրագիր իրականացնելու համար և գարնանից կսկսենք հետազոտություններ իրականացնել»։

Դիտարկմանը՝ ստացվում է, որ մինչ այդ քաղցկեղածին նյութ պարունակող հավկիթներն ազատորեն շարունակելու են սպառվել, Գեորգի Ավետիսյանն արձագանքել է․

«Իսկ ի՞նչ պետք է անեինք։ Հայաստանում նման հավատարմագրում ունեցող լաբորատորիա չկա։ Միևնույն ժամանակ մենք չենք կարող երբեք գյուղացուն արգելել սպառել իր արտադրանքը»։

Գեորգի Ավետիսյանից փորձ է արվել ճշտել նաև՝ արդյոք խնդրի վերաբերյալ փորձե՞լ են տեղեկացնել Գյուղատնտեսության նախարարությանը։ Հարցին ի պատասխան վերջինս նշել է․

«Գյուղատնտեսության նախարարությունն էլ իրազեկվում է մամուլից»։

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը ևս նշում է, որ Հայաստանում չկա այնպիսի լաբորատորիա, որտեղ հնարավոր է հայտնաբերել սննդի մեջ դիօքսիդի պարունակություն։

«Դիօքսիդը հայտնաբերելու համար հարկավոր է հատուկ ստանդարտ, ինչը շատ թանկ արժե և մեր երկիրն այն չունի»,- ասել է սպառողների ազգային ակադեմիայի նախագահը՝ նշելով, որ իրենց կենտրոնը խնդրին կծանոթանա ավելի մանրամասն և կփորձեն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը զրույցում նշել է, որ թեև տեղյակ են Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում կատարված հետազոտության մասին, սակայն որպես հասարակական կազմակերպություն դեռ չեն կարող որևէ քայլ ձեռնարկել։

«Այս հարցով սպասում ենք համապատասխան պատկան կառույցի կողմից իրականացվելիք աշխատանքին, մենք չենք կարող պետական կառույցից առաջ ընկնել։ Այնպես որ մենք էլ կփորձենք կապ հաստատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ և հասկանալ, թե  նրանք ինչ են պատրաստվում անել»,- ասել է Պիպոյանը։

Իսկ մինչ Հայաստանում սննդամթերքի անվտանգության պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերություններն ու պատկան կառույցները կհասկանան՝ ինչպես է ստացվել, որ առաջին սպառման սննդամթերքի՝ հավկիթի մեջ հայտնաբերվել է քաղցկեղածին նյութ, կգտնեն լաբորատոր փորձաքննության համար անհրաժեշտ գումար, մենք՝ սպառողներս, շարունակում ենք սպառել հավկիթներ, իսկ ամանորյա տոներին ընդառաջ՝ դրանք կսպառվեն է՛լ ավելի շատ, գրում է factor.am-ը։