Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է համագործակցության խորացումը Իրանի քաղաքների հետ և վստահություն հայտնել, որ երկու երկրներում հավատարմագրված դեսպանները նպաստում են այդ կապերի ամրապնդմանը: Իր հերթին դեսպան Սաջադին շնորհավորել է քաղաքապետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորել է երևանցիների գալիք ամանորյա տոները:

Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ Իրանի հետ անցագրային ռեժիմի ազատականացումից հետո իրանցի զբոսաշրջիկների հոսքը Երևան աշխուժացել է, ակտիվացել են նաև հայաստանցիների այցելությունները բարեկամ Իրան: Նշելով, որ երկու հինավուրց ազգերը կապված են ամուր կապերով՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի խոշոր քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքների միջև համատեղ մշակութային, բիզնես ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: