«Արցախում փոփոխություններն անօրինական էին, պաշտոնանկությունները նախաձեռնվել են Հայաստանից։ Թույլ է տրվել օրենքի կոպիտ խախտում, որն ունի քաղաքական շարժառիթներ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն իրենց հիմքում ներառել են նաև Արցախյան խնդիրը։ Այո, արցախապատկան տարածքների հանձնման վերաբերյալ օրակարգ գոյություն ունի, և այն նոր չէ։ Պարտադրանքներն ակնհայտ են, ասվածի վկայությունն են սահմանին ադրբեջանական զորքի կուտակումները։

Փաշինյանը Բեյրութում հայտարարեց, որ ինքը կգնա բանակցությունների, և եթե կլինի մի առաջարկ, որն իրեն կհամոզի, այն կներկայացնի ժողովրդին, այուհետ՝ արցախահայությանը։

Մինդեռ պետք է ասեր, որ առանց Արցախի չենք գնալու բանակցությունների։ Ես նրան մեղադրում եմ պետական դավաճանության մեջ։ Նա և Սերժ Սարգսյանը հող հանձնելու ծրագիրն են սպասարկում»,- ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ Սարգսյանի՝ Կազան մեկնելուց առաջ ինքը Ստրասբուրգում հանդիպել է նրան և զգուշացրել, որ հող հանձնելու մասին փաստաթուղթ ստորագրելով՝ նա դավաճանություն կգործի։

Զարուհի Փոստանջյանը խիստ վտանգավոր համարեց այն հանգամանքը, որ որոշ տեղեկություններով ադրբեջանական զորքը Նախիջևանի հետ սահմանին 500 մետրի չափով առաջ է եկել։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի գործերին՝ նա նշեց, որ կալանքը պետք է լինի բացառիկ միջոց։

«Սակայն դա բացառիկ միջոց չի եղել։ Այդ մարդիկ ապօրինի են գտնվում կալանքի տակ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ շատերի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պերոսյանի նախագիծն է, Փոստանջյանը շեշտեց՝ այստեղ խոսքը ոչ թե այդ երկու անձանց նմանության, այլ կրկնության մասին է։

«Ուղղակի սերնդափոխություն է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը կարող է Լևոն Տեր-Պետրոսյանի որդին լինել, Փաշինյանը նրան դիտարկել է իր հոգևոր հայր»,- ընդգծեց նա։

Հարցին՝ արդյոք նոր ձևավորված խորհրդարանում ունենք  ընդդիմություն, բանախոսը բացասական պատասխան հնչեցրեց։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպես Փոստանջյանը կմեկնաբանի ԲՀԿ-ԼՀԿ հակամարտությունը։

«Սա ծրագրված սցենար էր, այսպիսի բանավեճը միտված է նրան, որ հանրության ուշադրությունը շեղեն իրական մարտահրավերներից։ Թատրոնը պետք է այսպես մատուցեն, որ մարդիկ թմրեն»,- ասաց նա։