Ֆրանսիայում վարորդական իրավունքից կզրկվեն ղեկին բջջայինից օգտվող վարորդները
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է միջոցառումների մշակման մասին, որոնք ուղղված են ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցմանը։ Համապատասխան առաջարկը երեքշաբթի ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերով միջնախարարական խորհրդում հնչեցրել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ քննարկումներից հետո որոշում է ընդունվել հուլիսի 1-ից նվազեցնելու երկրորդական ճանապարհների վրա առավելագույն թույլատրելի արագությունը 90-ից 80 կմ/ժամի։ «Այդ միջոցառումը թույլ կտա մեզ տարեկան 350-400 կյանք պահպանել»,-ընդգծել է Ֆիլիպը։ Նշվում է, որ 2016 թվականին մահվան ելքով ՃՏՊ-ների 55 տոկոսը (ավելի քան 1500) գրանցվել է Ֆրանսիայի՝ երկրորդական նշանակության ճանապարհների վրա։
Եվս մեկ միջոցառում է հանդիսանում ղեկին բջջայինով խոսելու դեպքում վարորդական վկայականն առգրավելը։ Նախկինում դա պատժվել է 135 եվրո տուգանքով և վկայականում բալերի իջեցմամբ։
Համաձայն 2017 թվականի մարտին անցկացված հարցման՝ պատասխանողների մոտ 60 տոկոսը նշել է, որ մեքենա վարելիս կանոնավոր կերպով օգտվում է բջջայինից։