Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանից բանակային ստորաբաժանումների հետքաշման առնչությամբ ինչ-որ եզրակացություններ անելը վաղ է։

Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Այս մասին հայտնում է news.am-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի երկու հատվածներում՝ Ղազախում և Աղստաֆում զինվորական ստորաբաժանումները փոխարինելու է սահմանապահներով։

«Իհարկե, իդեալական կլիներ զինվորական ստորաբաժանումների հետքաշումը Հայաստանի հետ սահմանի և Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով։ Սակայն դա ֆանտաստիկայի ոլորտից է։ Պետք է նաև հետևել, թե որտեղ են տեղափոխվելու այդ ստորաբաժանումները։ Դա շատ բան կասի։ Դեռևս վաղ է եզրակացություններ անել։

Արցախը հակամարտության 30 տարվա փորձ ունի Ադրբեջան պետության հետ, ոչ թե ադրբեջանցի ժողովրդի, քանի որ ժողովուրդը ինքն էլ իշխող վերնախավի պատանդն է դարձել։ Ուստի, չկորցնելով զգոնությունը, պետք է հետևել տեղաշարժերին ու համապատասխան եզրահանգումներ կատարել ու քայլեր ձեռնարկել»,- նշել է Բաբայանը։

Նշենք, որ մի շարք փորձագետների կարծիքով՝ որքան էլ խաղաղասեր քայլ թվա, սակայն Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները հետ են քաշվել հետագայում Արցախի հետ սահման տեղափոխելու համար։