Լիբանանում զանգվածային հակակառավարական բողոք է սկսվել պաղեստինցի երեխայի մահանալուց հետո, որին տեղացի բժիշկները հրաժարվել են անվճար բուժել:

Երեք տարեկան Մոհամմադ Վահբան ուղեղի շտապ վիրահատության կարիք ուներ, որի արժեքը կազմում էր 25 հազար դոլար: Երեխան կոմայի մեջ է ընկել, բայց հիվանդանոցները հրաժարվել են նրան ընդունել, քանի որ ծնողները բուժման համար վճարելու հնարավորություն չունեին: Երեքշաբթի առավոտյան տղային հուղարկավորել են:

Առաջին տարերային հանրահավաքներն անցկացվել են Տրիպոլիի արվարձանում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարներում, փոխանցում է news.am-ը:

Այնուհետև հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Տրիպոլիի կենտրոնական հրապարակ՝ Լիբանանի և Պաղեստինի դրոշներով: Հանրահավաքի մասնակիցները բղավել են հակակառավարական կարգախոսներ՝ իշխանություններին մեղադրելով հասարակության անարդարացի կառուցվածքի համար: Ավելի ուշ մի խումբ երիտասարդներ ճանապարհներին ավտոանիվներ են այրել:

Ցուցարարների կուտակման վայրեր են ուղարկվել զինվորականներ, որոնք սկսել են բազմությանը ցրել:

Չարտոնված հանարահավաք է անցկացվել նաև Բեյրութի կենտրոնում: Ակտիվիստները երթ են կազմակերվպել Համրա փողոցով, իսկ կառավարության շենքի մոտ՝ հակակառավարական կարգախոսներով ցույց: Ներքին անվտանգության ուժերը ցուցարարներին օղակի մեջ են վերցրել, ոստիկանների և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ:

Բեյրութում կիրակի արդեն տեղի էր ունեցել հակակառավարական ցույց, որին մասնակցել էին պրոֆմիությունների անդամները և ձախ շարժումների ակտիվիստները: Ցույցին մասնակցել էր ավելի քան 5 հազար մարդ:

Լիբանանում հուզումներն ընթանում են տնտեսական և քաղաքական ճգնաժամի ֆոնին: Երկրի ղեկավարությունը մայիսից չի կարողանում կառավարություն ձևավորել: