ԱՄՆ Կոնգրեսը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանական «պատմական ընտրությունների առթիվ»: Այս մասին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը:

Սենատոր Էդ Մարկիի (Դեմոկրատ, Մասաչուսեթս) և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրանկ Փալոն Կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Փաշինյանին է ուղարկվել շնորհավորական նամակ:

Ի հավելումն սենատոր Մարկիի և կոնգրեսական Փալոնի, նամակը ստորագրվել էր նաև սենատորներ Ջեկ Րիդի (դեմոկրատ, Ռոդ Այլանդ) և Շելդոն Ուայթհաուսի (դեմոկրատ, Ռոդ Այլնդ), Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների՝ Դեյվիդ Տրոտի (դեմոկրատ, Միչիգան), Ջեկի Սպիրի (դեմոկրատ, Քալիֆորնիա), Դեյվիդ Վալադեոյի (հանրապետական, Կալիֆորնիա), Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Գաս Բիլիրակիսի (հանրապետական, Ֆլորիդա) կողմից:

«Սկսած այս տարվա ապրիլից, Հայաստանի Հանրապետությունը խաղաղ և ժողովրդավարական եղանակով իր Կառավարությունում ուշագրավ փոփոխության ականատես եղավ: Կիրակի օրվա ընտրությունը ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների քարոզիչների համար ևս մի հնչեղ հաղթանակ էր»,- ասված է նամակում:

Իսկ սենատոր Մարկին և կոնգրեսական Փալոնը հայտարարել են, որ հպարտ են երկու երկրի միջև ուժեղ, երկկողմանի հարաբերությունների համար և «լիահույս են խթանել պատմական կապերը և բարեկամությունը»: