ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները բաց նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ հայ-ամերիկյան հարաբերությունները, տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու կոչով: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը:

Կոնգրեսականները նաև խնդրել են մշակել Հայաստանի հետ ռազմական ոլորտներում գործակցության խորացմանն ուղղված քաղաքականություն և ծրագրեր:

Պետքարտուղարին ուղղված նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Դեյվ Թրոթը, Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը:

Կոնգրեսականները նշել են, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ամրագրվել են դեկտեմբերի 9-ին կայացած «ազատ և արդար խորհրդարանական ընտրություններով»:

«Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական զարգացման մոդել՝ գերազանցելով հետխորհրդային տարածքի մյուս երկրներին: Եկել է երկրում տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացն ամրապնդելու և քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ժամանակը»,- ասված է նամակում:

Առաջարկվում է ՀՀ-ում ժողովրդավարությունն ամրապնդելու նպատակով ընդլայնել աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորման, մամուլի ազատության ապահովման ուղղությամբ, իսն նշված ոլորտներում բարեփոխումների իրականացման համար ստեղծել աշխատանքային խմբեր կամ մեխանիզմներ:

Կոնգրեսականները նաև հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն ուշադրություն կդարձնի Հայաստանի՝ երկու կողմից շրջափակված լինելու հանգամանքին, ինչն էական ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա: