ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր խորհրդականի պաշտոնում 2016թ-ի Ապրիլյան պատերազմին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետի նշանակմանը:

«Նրանք ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է Ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ։ Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել։ Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այնտեղ ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության մասին», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պատերազմից առնվազն մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, և դա իմացել են բոլորը:

Նա նկատել է նաև, որ բոլորի մոտ այդ իրադարձությունների վերաբերյալ դեռ մնացել են մութ հարցեր, ինչը նշանակում է, որ դրանց պատասխանները պետք է տրվեն։

Փաշինյանը հավելել է, որ ոչ մեկ իրեն խորհուրդ չի տվել Կարապետյանին նշանակել խորհրդական:

«ՀՀ զինված ուժերի ղեկավարության շրջանում կա տեսակետ, որը տարբերվում է նախորդ ղեկավարության կարծիքից (Կարապետյանի մասին-խմբ.)», - ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, Կարապետյանը նաև 2008թ-ին Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել է Մարտի 1-ի գործով անցնող Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից մեկ, Փաշինյանն ասել է, որ դա ոչինչ չի նշանակում և հավելել, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների մեծ մասը ներգարվված է եղել այդ պրոցեսների մեջ։

«Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ Հայաստանի զինված ուժերի այդ մի հատվածը կտրե՞նք, անջատե՞նք զինված ուժերից։ Այդպիսի բան լինել չի կարող», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: