Այլևս չկա Հայաստան և Սփյուռք, այլևս կա մեկ ամբողջական հայություն, և մեր խնդիրն է հենց դա արձանագրելը, երեկ Դիլիջանում «ՆերՈւժ» ծրագրի բացման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ այդ սահմանն այլևս ջնջված է։

«Ի՞նչ է Հայաստանի նոր կառավարությունը տալիս և առաջարկում Սփյուռքին: Մենք Սփյուռքին առաջարկում ենք նույնը՝ ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Առաջարկում ենք հնարավորություն, որովհետև, եթե հնարավորությունների հասանելիության տրամաբանությամբ նայենք, ապա Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիներ, եթե ոչ քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի Հանրապետությունում ապրելով, իրենք էլ ինչ-որ առումով եղել են սփյուռքահայ: Ինչո՞ւ, որովհետև նրանք հասու չեն եղել այն հնարավորություններին, որոնց հասու պիտի լինի քաղաքացին: Մենք այսօր շատ ենք խոսում Սփյուռքին հնարավորություններ տալու մասին: Ես հարցն այդպես չեմ ձևակերպում, որովհետև չեմ ցանկանա տպավորություն ստեղծել, որ, ահա, Սփյուռքի երիտասարդությանը հնարավորություն ենք տալիս՝ միևնույն ժամանակ մոռանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող երիտասարդներին: Սա շատ նուրբ պահ է, որովհետև որն է մեր հեղափոխության առանցքային իմաստը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Մեր հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ այդ սահմանն այլևս ջնջված է, այլևս չկա Հայաստան և Սփյուռք, այլևս կա մեկ ամբողջական հայություն, և մեր խնդիրն է հենց դա արձանագրելը», - ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` կառավարության առանցքային նպատակն է այնպես անել, որ յուրաքանչյուրը և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում հասու լինի հնարավորություններին:

«Ի վերջո, երբ ասում եմ, որ բազմաթիվ մարդիկ ապրելով Հայաստանում` ըստ էության ապրել են սփյուռքում, նկատի ունեմ հետևյալը. բազմաթիվ մարդիկ մտածել են, որ այս երկրում ապագա չկա, այստեղ ամեն ինչ անիմաստ է, մեկ է, այստեղ ոչ մի բան չի փոխվի: Այս կետից է, երբ մարդու մոտ սկսվում է արտագաղթելու պրոցեսը:

Արտագաղթելը մի օրվա որոշում չէ, այնպես չէ, որ առավոտյան արթնանում ես, սուրճ խմում և ասում` գնամ ճամպրուկներս հավաքեմ ու մեկնեմ: Դա շատ երկար պրոցես է, բարդ հոգեբանական որոշումների, իրադարձությունների շղթա է: Այնպես որ, այո՛, մենք էլ շատ դեպքերում, ըստ էության, եթե ոչ ֆիզիկապես, առնվազն մտովի սփյուռքում ենք ապրել այն առումով, որ հեռու ենք զգացել մեզ` մեր իսկ երկրում հնարավորություններ ունենալուց: Եվ հետևաբար մեր հեղափոխության առանցքային իմաստը հենց սա է. մենք ջնջել ենք Սփյուռքի և Հայաստանի միջև սահմանը, որովհետև մեր գլխավոր խնդիրն է ստեղծել հնարավորություններ բոլորի համար: Եվ կառավարության ամենակարևոր առաքելությունը դա է՝ մարդկանց մղելը հաջողությունների: Կառավարության ամենամեծ խնդիրն է քաջալերել մարդուն, օգնել նրան, որ նա հաղթահարի փակուղին, հուսահատությունը և ինքն իր մեջ նաև քաղաքական մթնոլորտի, քաղաքական ուղերձի բերումով այնպիսի մի ներուժ ձևավորի, որ այդ ներուժն ամեն մեկին կարողանա ստիպել ի վերջո գործել` սպասելու փոխարեն», - ասաց Փաշինյանը՝ հավելելով. - «Հեղափոխությունը հենց դա է, երբ ոչ թե սպասում ենք ինչ-որ մեկի գործողությանը, որի արդյունքում կստանանք ինչ-որ նոր բան, այլ ինքներս ենք գործում և մեր, մեր երկրի համար ստեղծում ինչ-որ բան:

Հետևաբար ես համոզված եմ, որ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, ունենք մեծ ներուժ, և այդ ներուժի արտահայտությունը հետևյալն է՝ ոչ թե սպասել, որ ուրիշները մեր փոխարեն որոշումներ կայացնեն և որոշեն մեր ճակատագիրը, այլ մենք հասկանանք և գիտակցենք, որ ունենք բավարար կամք, ուժ, հմտություն, իմաստություն և խելք ինքներս մեր ճակատագիրը որոշելու, ինքներս մեր հաղթանակները կերտելու, որովհետև մենք այլևս արդեն որպես ժողովուրդ սովորել ենք հաղթելուն և այդ սովորությունից ոչինչ մեզ հետ չի սովորեցնի: Այնպես որ մեզ բոլորիս մաղթում եմ նորանոր հաղթանակներ», նշեց Փաշինյանը: