Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,

Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ազգային անվտանգության համակարգը հանդիսանում է պետության կենսագործունեության կարևոր ուղղություններից մեկը և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պետականաշինության գործընթացում:

Դուք իրականացնում եք կարևոր ծառայություն՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը՝ նպաստելով հասարակության կայուն ու բնականոն զարգացմանը: Դա պահանջում է մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ, սկզբունքայնություն, անմնացորդ նվիրվածություն հայրենի երկրին:

Պետությունն այսուհետ ևս կանի հնարավորը ազգային անվտանգության մարմինների ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու ծառայության մեջ»: