Սիրիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումից մեկնաբանել են ԱՄՆ իշխանությունների՝ Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին որոշումը՝ այն անվանելով «դավաճանություն», գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով Sky News-ի արաբական ծառայությանը:

Աղբյուրը չի նշում իրենց հետ զրուցած խմբավորման ներկայացուցիչների անունները: Զինյալները նշել են, որ թուրքական ԶՈւ-ի հնարավոր նոր լայնամասշտաբ հարձակման վտանգի առկայության պայմաններում իրենց դաշնակից ԱՄՆ-ի հետ քաշվելը «հարված է թիկունքից»:

Նշվում է նաև, որ այժմ փաստացի մարտի դաշտում միայնակ մնացած քուրդ զինյալները, որոնց դիրքերը հիմնականում գտնվում են Եփրատ գետի արևելյան ափին, ամենայն հավանականությամբ, կմիավորվեն մեկ այլ քրդական զինված միավորման՝ YPG/PYD-ի հետ: 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն հաշված օրեր անց ռազմական գործողություն կսկսի Սիրիայի տարածքում Եփրատ գետի աջ ափին տեղակայված քրդական ուժերի դեմ:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ եթե ամերիկյան կողմը չապահովի քրդական զինված ջոկատների դուրսբերումը Մանբիջից, թուրքական ԶՈւ-ն կանցնի մեծամասշտաբ ռազմական գործողությունների:

Դրանից հետո Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Ռոբերտսոնն անընդունելի էր որակել Թուրքիայի ռազմական գործողությունների ծրագիրը Մանբիջում

Նախօրեին արդեն հայտնի է դարձել, որ թուրք զինվորականներն սկսել են հզորացնել Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումները: