ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն, արձագանքելով իր Շվեյցարիա կատարած այցի վերաբերյալ մեկնաբանություններին, իր ֆեյսբուքյան էջում հաշվետվություն է ներկայացրել Ժնև այցի մասին:

Նա նշել է, որ Ժնև այցելելու գաղափարը ծնվել է Շվեյցարիայի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների մոտ, նման այց կատարելու առաջարկ իրեն ներկայացրել է Շվեյցարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը:

«Հաշվի առնելով Շվեյցարիա կատարած իմ այցի շուրջ մեծ հետաքրքրությունը, հնչած տարատեսակ մեկնաբանությունները և լրագրողների չդադարող հարցերը, թե ինչ միջոցներով եմ այցելել Ժնև, հարկ եմ համարում մանրամասն հաշվետվություն ներկայացնել այցի մասին:

Ծախսերը․

Այցի ընթացքում ինձ ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը, մամուլի խոսնակը, արարողակարգի բաժնի երկու ներկայացուցիչ: Անձամբ իմ, հիմնադրամի տնօրենի և մամուլի խոսնակի մասով այցի ծախսերը փակվել են հիմնադրամի միջոցներից, կառավարության արարողակարգի բաժնի աշխատակիցներինը` պետական միջոցներից:

Այսպիսով` հիմնադրամից ծախսվել է 3,613,034 դրամ, պետական միջոցներից` 2,516,000 դրամ: Շվեյցարիա կատարած այցի վրա հիմնադրամից և բյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 6,130,000 դրամ:

Արդյունքները․

Ժնևում ունեցած իմ հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները բոլորը միասին «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել 75,435,620,73 դրամ: Ձեռք են բերվել հետագա համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ լուծվել է պետական նշանակության մի ծրագրի (400 հազար եվրո արժողությամբ) ֆինանսավորման հարցը: Շվեյցարիայի խորհրդարանում ունեցած հանդիպման ժամանակ ներկայացվել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը, հայ կանանց դերը Հայաստանի հեղափոխության մեջ:

«Եվ վերջապես, Ժնևի համայնքի ներկայացուցիչների հետ ունեցել եմ անչափ ջերմ, սրտամոտ շփումներ, ճանաչել ենք իրար և ձևավորել ենք հարաբերություններ, որոնք երբեք փողով չես չափի: Շնորհակալություն ուշադրության համար»,- ասվում է գրառման մեջ: