Էստոնիան ձերբակալել է դանիական Danske բանկի Էստոնիայի մասնաճյուղի 10 նախկին աշխատակիցների։

Ձերբակալությունները կատարվել են բանկի մասնաճյուղում փողերի լվացման հետ կապված հետաքննության արդյունքում, որում հիմնականում ներգրավված էին Ադրբեջանը, Վրաստանը ու նաև Ռուսաստանը։ Պանորամայի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է EU Observer-ը

«Ձերբակալվածները հիմնականում հաճախորդների հետ աշխատող բաժինների ղեկավարներն են, որոնց աշխատանքն է եղել փողերի լվացման դեպքերի մասին տեղեկացնելը՝ դրանք կանխելու համար»,- նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Էստոնիայի դատախազ Լավլի Պերլինգը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Danske Bank-ի ներքին ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2007-ից 2015թթ.-ներին էստոնական մասնաճյուղով 15 հազար օտարերկրյաքաղաքացիներ իրականացրել են 9.5մլն գործարքներ, որը կազմել է 200 միլիարդ եվրո։ Այդ գործարքներն իրականացնող անձանցից 6200-ը ճանաչված են եղել «շատ կասկածելի»։

ԶԼՄ-ների հաղորդմամբ, էստոնական մասնաճյուղում միլիարդավոր անօրինական ռուսական ու նաև ադրբեջանական գումարներ են լվացվել, որոնց վերաբերյալ բացահայտումներ էր արել բրիտանական The Guardian-ը՝ իր «Ադրբեջանական լվացքատուն» հետաքննական հոդվածում։

The Guardian-ը  գրել էր, որ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար: