ՌԴ և ՀՀ հարաբերություններում ոչինչ չի փլուզվել՝ Երևանը Մոսկվայի ռազմավարական գործընկերն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մամուլի ասուլիսում:

«Իսկ ի՞նչ է նշանակում վերականգնել: Մեր հարաբերություններում ոչինչ չի փլուզվել, ինչը վերականգնել է պետք: Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ՝ նա մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում, ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ է: Ինչը՞ վերականգնենք: Պետք է զարգացնել այն, ինչ կա, ինչ ստեղծել են նախորդ սերնդի ղեկավարները»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու իր քաղաքականությունը ՀՀ հանդեպ ընտրություններից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի ամենամերձավոր դաշնակիցն է Անդրկովկասում: Այդպես է եղել պատմականորեն, այդպես կա, և, հուսով եմ, այդպես էլ կլինի: Պետք է ելնել աշխարհում, տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրավիճակի իրողություններից, ելնել մեր հնարավորությունների պահանջներից»,- ասել է նա: