Թուրքիայում տեղացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել «Վանա լճի ճեպընթացը»:

Այս անունն է ստացել Անկարա-Դատվան երթուղիով ճեպընթացի գործարկումը, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:

Թուրքիայում տեղացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել «Վանա լճի ճեպընթաց» անունը ստացած Անկարա-Դատվան ճեպընթացը:

Անկարայից շարժվող ճեպընթաց գնացքի երթուղին անցնում է Քըրըքքալե, Կայսերի (Կեսարիա), Սիվաս (Սեբաստիա), Մալաթիա, Էլազըղ (Խարբերդ), և Մուշ նահանգներով ու հասնում Բիթլիս (Բաղեշ): Երթուղու վերջին կետը Վանա լճի ափին գտնվող Դատվան քաղաքն է: Զբոսաշրջիկները այստեղից մեքենաներով այցելում են Վանա լճի շրջակայքում գտնվող տեսարժան վայրերն ու լինում Վան քաղաքում:

Նշվում է, որ 24 ժամ տևող ճանապարհորդությունը ձմեռային շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Թուրքիայի արևմտյան հատվածում բնակվող երիտասարդների մոտ:

Հիշեցնենք, որ Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով այս տարի Թուրքիայի ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ իրականացվող Վանա լճում դայվինգի զարգացման ծրագրի շրջանակներում բացվել էր շուրջ 200 մասնակից ընդգրկող ջրասույզների դպրոց։

Վանում դայվինգը զբոսաշրջության գլխավոր ուղղություններից մեկը դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին խոսելով՝ Վանի Իփեքյոլուի համայնքապետն ընդգծել էր, որ Վանա լճում դայվինգով հետաքրքված են հատկապես Հայաստանի և Ճապոնիայի քաղաքացիները։

Ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին էլ ավարտվեցին դեպի Վանա լճի Աղթամար կղզի խմելու ջրի խողովակաշարի անցկացման աշխատանքները: