Լուծարվող նախարարությունների աշխատակիցները երթով շարժվում են դեպի Կառավարություն՝ վարչապետին ներկայացնելու համար իրենց հիմնավորումները, թե ինչու նախարարությունները չպետք է փակվեն: 

Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Լևոն Անտոնյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ անթույլատրելի է, որ 7-8 մլն Սփյուռք ունեցող պետությունը լուծարի համապատասխան նախարարությունը: 

Նա ընդգծեց, որ նախարարությունում նոր թափով մշակվել են հայրենադարձության ծրագրեր, որոնք փաստացի կյանքի կոչել այլևս չեն կարողանա:

«Մեր նախարարի դիրքորոշումը եղել է նախարարությունը պահելը, իր ձեռքերը ծալած չեն, կփորձի իր քայլերը կատարել: Մենք փաստացի ունենք 10 վարչություններ, բաժիներ, վարչության պետեր, աշխատակիցներ. ստացվում է, որ օպտիմալացման արդյունքում Սփյուռքից այստեղ բերելու փոխարեն արտագաղթի տեմպերն ենք ավելացնում»,- շեշտեց նա:

Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացրել:

Աշխատակիցները դիմում-բողոք են պատրաստել հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունով: Աշխատակիցները բողոքում են, որ իրենց ոչ ոք օպտիմալացման մասին տեղյակ չի պահել:

«Մեզ միայն երեկ գրություն է ուղարկվել, որ նախարարությունը մի մասով միանում է Կրթության նախարարությանը, մյուս մասով՝ Քաղաքաշինության կոմիտեին»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Աշխատակիցները պնդում են, որ ոչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել:

«Չգիտեմ՝ ովքեր են որոշել, ինչպես են որոշել. ինչպե՞ս կարելի է փակել նման կարևոր կառույցը»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ բողոքի ակցիային ներկա են նաև այլ գերատեսչությունների աշխատակիցներ: 

Մասնավորապես, Սփյուռքի նախարարության աշխատակիցը նշում է,որ իրենց գերատեսչության գործառույթները շատ կարևոր են, և նախարարության լուծարումը դեմոգրաֆիական նոր խնդիրների կհանգեցնի: 

Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։

Փոփոխությունների համաձայն՝ լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։