Թուրքիան սխալ է համարում Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն ու այդ հարցում իր հարևան երկրի կողքին կլինի, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո:

Ինչպես գրում է demokrathaber.org կայքը, Էրդողանն ընդգծել է, որ սահմանված պատժամիջոցները անարդարացի են և վտանգի են ենթարկում տարածաշրջանի անվտանգությունը:

«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ մենք չենք աջակցում այդ պատժամիջոցներին: Իրանի դեմ ճնշումների ինտենսիվացման այս ժամանակաշրջանում մենք շարունակելու ենք լինել եղբայրական Իրանի ժողովրդի կողքին», - ասել է Թուրքիայի առաջնորդը:

Իր հերթին Ռոհանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք Էրդողանի հետ քննարկել են գլխավորապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու խոչընդոտների վերացման հեռանկարները: 

Հիշեցնենք, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական փաթեթը ուժի մեջ է մտել այս տարվա նոյեմբերի 5-ից:

Նշենք, որ Միացյալ Նահանգների՝ Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները բացառության կարգով չեն տարածվում 8 երկրի վրա, որոնց թվում է ներքին սպառման նավթի և գազի զգալի մասը հարևան Իրանից գնող Թուրքիան: