Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, երկրի Մեծ ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նիստում հայերենով շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներին», - ասել է նա հայերենով:

Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցակցված խոհրդարանական ընտրություններին, Փայլանն ասել է, որ 2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին իրականացված Թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն են գրանցել՝ ստանալով ձայների ավելի քան 70 տոկոսը: Նա նշել է նաև, որ ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության՝ առանց նախապայմանների:

«Կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին համարժեք արձագանք տալ ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը և ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով: Այստեղից կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և նախագահին կառուցողական պատասխան տան Փաշինյանին», - ասել է հայազգի պատգամավորը: