Վարդավառի օրը՝ այս տարվա հուլիսի 8-ին, Դիլիջանի ոլորաններում իր ավտոմեքենայով վթարի ենթարկված Մարինե Պապյանը դատական հայց կներկայացնի Ճանապարհային ոստիկանության, մասնավորապես՝ տեսուչ Կարեն Պետրոսյանի դեմ: Տեսուչի անգործության պատճառով նա զրկվել է իր իրավունքների իրացման հնարավորությունից։

Հիշեցնենք, որ Մարինե Պապյանը թոռան հետ իր «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջանից Երևան մեկնելիս, հորդառատ անձրևի պայմաններում, ոլորանի վրա մեքենայով ընկել էր ձորը, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Դիլիջանի հիվանդանոց։ Ճանապարհի այդ հատվածում բետոնե արգելապատնեշները բացակայում էին և բացակայում են մինչ այժմ։ Վթարին նպաստել է նաև սողանքը։

Մինչև փրկարարների ժամանելը, տուժածներին ձորից հանել էին լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն ու «SOS TV»-ի լրագրող Վիլեն Գայֆեջյանը, ովքեր Դիլիջանի ոլորաններով մեկնելիս են եղել Վանաձոր։

Մարինե Պապյանը վթարից հետո, տեղում ՃՈ տեսուչներին հայտնել էր, որ բողոքարկում է դեպքը, քանի որ, նրա պնդմամբ, ինքը չի խախտել երթևեկության կանոնները, արագության գերազանցում չի ունեցել, ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։ Նա ոստիկաններին հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել հորդ անձրևաջրի պատճառով, ու քանի որ արգելապատնեշ չի եղել, մեքենան գլորվել է ձորը։ Տուժածը մտադիր էր թերացումների համար պատասխանատվության ենթարկել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ պահանջելով մեքենայի, ինչպես նաև իր կրած նյութական և առողջական ծախսերի ամբողջական փոխհատուցում։

Վթարի պատճառները պարզելու համար Ճանապարհային ոստիկանությունը հետաքննություն էր սկսել։ Անցել է հինգ ամիս։ Եվ ահա երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Մարինե Պապյանը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի հրամանատար, փոխգնդապետ Է․ Սուսլիյանից գրություն է ստացել այն մասին, որ վարչական վարույթը կարճվել է, քանի որ փորձաքննության արդյունքներն ուշացել են։ Այսպիսով, նյութերի նախապատրաստման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալու պատճառով, քաղաքացին զրկվել է իր իրավունքների իրացումից։

«2018թ-ի հուլիսի 18-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Հուլիսի 21-ին ոստիկանության ՓՔՎ-ում նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի պատասխանը ստացվել է նոյեմբերի 17-ին»,- նշված է ՃՈ պարզաբանման մեջ։ Ստացվում է, որ Ճանապարհային ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները չորս ամիս ձգձգել են փորձագիտության արդյունքների տրամադրումը՝ սահմանված ժամկետից ուշացնելով մոտ երկու ամսի չափով։

Փաստաթղթերից տեղեկանում ենք, որ փորձաքննությունը նշանակվել է օգոստոսի 1-ին։ Փորձագետը եղել է Ոստիկանության ՓՔՎ ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների բաժնի պետի տեղակալ, փորձագիտական աշխատանքի 12 տարվա ստաժ ունեցող Միսակ Դավթյանը։

Փորձաքննության արդյունքներով պետք է պարզվեր՝ Մարինե Պապյանն ունեցե՞լ է պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն, եթե այո, ապա ինչպես պետք է գործեր նա տվյալ իրադրությունում։ Երկրորդ հարցն այն էր, թե ՃԵԿ ո՞ր կանոններն է խախտել վարորդը։

Ելակետային տվյալները, սակայն, ժամկետում չեն ներկայացվել, ինչի պատճառով հնարավոր չի եղել բացահայտել վթարի պատճառահետևանքային կապերը։ Այս մասին պաշտոնապես հետևություն է արել փորձագետ Միսակ Դավթյանը։

«Ես բողոքել եմ նույն պահին։ Ո՞վ պետք է վերահսկեր, որ հետաքննիչը կատարեր իր գործը, ելակետային տվյալները ներկայացներ իր վերադասին։ Իրենք ինձնից ոչ խմածության թեստ են վերցրել, ոչ պարզել են իմ առողջական վիճակը, ոչ նույն պահին պարզել են ավտոմեքենայի արգելակների վիճակը։

Վեց ամիս է՝ այդ մեքենան ջարդուխուրդ եղած, կանգնած է։ Ես չեմ կարողանում նույնիսկ որպես պահեստամաս վաճառել, որպեսզի իմ կարիքները հոգամ, կամ առողջական խնդիրներս լուծեմ։ Բայց իրենց էդ ամեն ինչը չի հետաքրքրում։ ՃՈ-ն հարցը լղոզել, գցել է մի կողմ»,- ասում է Մարինե Պապյանը։

Տուժածի փաստաբան Էդգար Նալբանդյանն ասում է, որ այս պատմության մեջ կողմերը երկուսն են՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ինչպես նաև տվյալ ճանապարհահատվածը սպասարկող ճանշին ընկերությունը։ Նրանք երկուսն էլ անգործություն են դրսևորել։ Մինչև Մարինե Պապյանի հետ կատարված դեպքը, այդ ճանապարհահատվածում տեղի են ունեցել նմանատիպ մի քանի դեպքեր։ Դեպքից օրեր անց, մեկ օրվա ընթացքում ևս երկու ավտոմեքենա է ընկել ձոր։ Փաստաբանն այս մասին տեղեկություն է ստացել թե´ ճանշինից, թե´ ՃՈ-ից, նաև նախարարությունից։

«Դեպքը տեղի է ունեցել անձրևի հոսքի պատճառով և ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններն ապահովող մարմնի անգործության պատճառով։ Ընդ որում, ամիսներով շարունակվել է այս անգործությունը։ Եվ ճանշինը, և գերատեսչությունը չեն իրականացրել իրենց պարտավորությունները, ճանապարհի այդ հատվածը չեն ապահովել անվտանգության միջոցներով և ճանապարհային նշաններով։ Քաղաքացին, փաստորեն, այս վթարից խուսափելու հնարավարություն չի ունեցել»,- ասաց Նալբանդյանը։

Ըստ փաստաբանի՝ ճանշինից պարզաբանել են, որ իրենց նպատակը Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը պատասխանատվության ենթարկելն է, քանի որ գերատեսչությունը չի վերականգնել ճանապարհի արգելապատնեշը, որը մարտ ամսին տեղի ունեցած մի վթարից հետո ընկել է ձորը։ Հենց արգելապատնեշի բացակայությունն է եղել պատճառը, որ անձրեւաջրից ու սողանքից սահած ավտոմեքենան հայտնվել է ձորում։

«Տեսուչն ուղղակի անգործություն է ցուցաբերել, ինչը թույլ չի տվել, որպեսզի Մարինե Պապյանը պահանջ ներկայացնի նախարարությանը։ Տեսուչը չի նշել՝ ճանապարհին ջրի շիթ եղել է, թե ոչ, ի՞նչ վիճակում են եղել մեքենայի անվադողերը, կարո՞ղ էր վարորդը խուսափել վթարից։ Ես չեմ կարող պնդել, թե սա միտումնավոր է արվել, որպեսզի մի պետական մարմինը մյուսին պատասխանատվության տակ չդնի։ Միգուցե հետաքննիչի ձեռքի տակ շատ գործեր են եղել, չի հասցրել ավարտել»,- ասում է փաստաբան Նալբանդյանը։

Միակ ճանապարհը մնացել է դատական հայց ներկայացնելը։ Դատարանի կողմից լրացուցիչ փորձաքննության նշանակումը կտա բոլոր հարցերի պատասխանը։