Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը ներգրավված են եղել անօրինական գործունեության մեջ, որը փողերի լվացման մեծ ռիսկեր է պարունակել։

Այս մասին գրում է The Guardian-ը։

Լեյլա և Արզու Ալիևաները համաձայնել են Լոնդոնում գնել 60մլն ֆունտ ստեռլինգ (75մլն դոլար) արժեցող էլիտար սեփականություն՝ օգտվելով գաղտնի օֆշորային ընկերություն։

Ըստ Guardian-ի, Ալիևի դուստրերը ցանկացել են ձեռք բերել Լոնդոնի Նայթսբրիջ արվարձանում գտնվող 2 բնակարանները՝ 59,5մլն ֆունտ ստեռլինգով՝ այն 1 բնակարանի վերածելու նպատակով, որը գտնվում էր Բուքինգհեմյան պալատի մոտակայքում։ Գործարքը 2015թ-ին նախատեսում էր համալրել Իլհամ Ալիևի՝ Բրիտանիայում ունեցած բազմամիլիոն սեփականությունների շարքը։

Գնումը նախաձեռնել է Լեյլա Ալիևան այն ժամանակ, երբ նա բաժանվում էր ամուսնուց՝ ադրբեջանցի գործարար ու փոփ-աստղ Էմին Ագալարովից։ Բնակարանների ձեռքբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային ընկերությունը, որը բրիտանական Child & Child ընկերության իրավաբան Խալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։

Այս մանրամասները հայտնվել են Բրիտանիայի կարգապահական տրիբունալում, որտեղ Խալիդը խոստովանել է, որ չի կատարել փողերի լվացման ստուգում և խախտել է մասնագիտական վարքագծի կանոնները։ Տրիբունալը նրան տուգանել է ընդհանուր 85 հազար ֆունտ ստեռլինգով։

Նշվում է, որ իրավաբանը Բրիտանիայում առաջին պրոֆեսիոնալն է, որը պատժվում է 2016թ-ի ապրիլին Guardian-ի և այլ ԶԼՄ-ների կողմից Պանամական թղթերի հրապարակումից հետո։

Գործով նշվում է, որ պայմանագրերի փոխանակումից հետո Ալիևա քույրերը սկսել են վճարումներ կատարել՝ փոխանցելով ավելի քան 10մլն ֆունտ ստեռլիգ։ Սակայն գործարքը չեղարկվել է 2016թ-ին, երբ Պանամական թղթերով Ալիևների ընտանիքը կասկածվում էր մեծ մասշտաբներով փողերի լվացման մեջ։