Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սփյուռքի նախարարության փակման մասին պատմաբան Մայքլ Բաբայանի գրառմանը։

«Երիտասարդ պատմաբան՝ Մայքլ Բաբայան, կը գրէ.

«Մի շարք ակտիվ սփյուռքահայեր ստիպեցին ինձ գրել սա՝ այլևս չէի կարողանում լռել։ Սփյուռքի նախարարության վերակազմակերպման թեման օգտագործելով որոշ պատեհապաշտներ (տերերով հանդերձ) փորձում են հեքիաթներ հորինելով սեփական նեղ անձնական, խմբային շահերը առաջ տանել և բղավել, թե Հայաստանը «հեռանում է սփյուռքահայերից և մոռանում նրանց»։ Սփյուռքի մասին նրանք չեն մտածում՝ սփյուռքը նրանց համար միշտ էլ շատ փողի մեծ քսակ է եղել։ Նրանք մոռանում են, որ հայկական սփյուռքը բազմաշերտ է և մեծամասամբ ապաքաղաքական ու մի քանի հոգու աղմկելով պետաիշխանությունը չի՛ առաջնորդվելու և չի՛ շեղվելու իր քաղաքական ծրագրից, ինչպես այսօր հայտարարեց վարչապետը։
10 տարի սփյուռքի նախարարությունը զբաղվել է շքանշաններ ու պատվոգրեր բաժանելով, դատարկ խոստումներով ու անարդյունք միջոցառումներով՝ անիմաստ վատնելով պետական բյուջեի միջոցները։ Մեկ էլ հիշենք հայկական բանկերում 1000 դոլար պահելու անօգուտ կոչը․

«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ձախողված արշավն ու անմոռանալի «Արի տունը»՝ «արի՛, որ գնաս, բայց չմնաս» մասնակցության սկզբունքով։

Սփյուռքի նախարարությունը հունվարից այլևս կլինի նոր կարգավիճակով և կգործի առավել արդյունավետ՝ միտված առաջին հերթին հայրենադարձության կազմակերպմանը։ Շատ ուրախ կլինեմ, եթե այն լինի ԱԳՆ-ի կազմում՝ այդպես շատ հարցեր արագ կլուծվեն և ամեն ինչ ավելի լավ կլինի ներգաղթի առումով, երբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները ևս ակտիվորեն կզբաղվեն ներգաղթի կազմակերպմամբ՝ սերտորեն աշխատելով բոլոր սփյուռքահայերի հետ, իսկ հայտնի է, որ շատերը համայնքային կյանքում ակտիվ չեն, բայց ցանկանում են իրենց հայկականությունը պահպանելու համար կապվել Հայաստանի հետ ու վերադառնալ Հայրենիք։ Ինքս կապի մեջ եմ տասնյակ այդպիսի մարդկանց հետ, որոնք երբեմն անգամ հայերեն գրել չգիտեն (միայն լավ կամ վատ խոսում են հայերեն կամ էլ նոր են սովորում գրել-կարդալ), բայց հպարտ են, որ հայ են։ Լիովին սատարում եմ ՀՀ գործող ղեկավարությանը սկսած գործն ավարտին հասցնելու համար՝ ո՛չ մի գրամ չեմ կասկածում ձեր հայրենանվեր մղումների մեջ...»