Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21։15-ին, նշված տան մոտ, 1986թ-ին ծնված Վահրամ Մանվելյանն իրեն ամրակցված MR 43 տիպի, 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է նշված տան ուղղությամբ, հայհոյել:

1950թ-ին ծնված Հենրիկ Ն.-ն դիտողություն է արել Վ. Մանվելյանին, նա էլ դիտավորությամբ նշված հրացանից կրակել է Հենրիկ Ն.-ի ոտքերին, որը ժամը 22։00-ին «զույգ ստորին վերջույթների բազմաբեկոր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 21։45-ին Վահրամ Մանվելյանը դեպքի վայրից բերման է ենթարկվել, որի ընթացքում ոտքով հարվածել և դիտավորությամբ կոտրել է ՊՊԾ թիվ 29 պարեկային ավտոմեքենայի դռան ապակին:

Դեպքի վայրից հայտնաբերվել է 20 պարկուճ: Հանցագործության գործիք հրացանն առգրավված է: Վահրամ Մանվելյանը ձերբակալվել է: Նշանակվել են ԴԲՓ, դատաձգաբանական, դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: