ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան էջում գրառում է արել Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման և Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին. փոխանցում է ermenihaber-ը:

«Նախագահ Էրդողանն ինձ կարևոր տեղեկություն փոխանցեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Սիրիայում տեղակայված գրոհայիններին ոչնչացնելու հարցում: Նա այն մարդն է, որը կարող է ոչնչացնել վերջիններիս: Բացի այդ, Թուրքիան Սիրիայի հարևանն է: Մեր զինվորները տուն են վերադառնում»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Էրդողանի հետ հեռախոսազրույցի մանրամասները: ԱՄՆ նախագահը նշել էր, որ Էրդողանի հետ քննարկումը եղել է ԻՊ ահաբեկչական խմբավորման, Սիրիայում համատեղ նախաձեռնության, Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման և երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Իսկ հեռախոսազրույցից մի քանի օր անց Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը ստորագրել էր Սիրիայից ԱՄՆ-ի զինուժի դուրսբերման հրաման, որում նշվում է, թե երբ և ինչպես դուրս կբերվեն զորքերը: Նախատեսվում է, որ զորքերը դուրս կբերվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Նշենք նաև, որ հրամանի ստորագրումից հետո Մեթիսը հրաժարական տվեց: