Հոլիվուդում Սայաթ-Նովայի մասին պատմող նոր ֆիլմ կնկարահանվի: Գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքներ է տանում դերասան Հովհաննես Բաբախանյանը:

Այս մասին նա խոսել է Լոս Անջելեսի Amga.tv հեռուստաալիքին տվածհարցազրույցում:

Բաբախանյանը նշել է, որ ֆիլմի թրեյլերն արդեն նկարահանվել է և ներկայումս ֆիլմի ամբողջական տարբերակի նկարահանման համար հովանավոր է փնտրվում: Ի տարբերություն նախորդ էկրանավորումների, այս ֆիլմում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել աշուղի ընտանիքի, կնոջ և չորս երեխաների մասին պատմող պատմությունները:

Սցենարի հիմքում ընկած է Սայաթ-Նովայի ամենահայտնի ժամանակակից հետազոտող Ասլան Ասլանյանի աշխատանքը: Աշուղի դերակատարը կլինի Բաբախանյանը: Սայաթ-Նովան կներկայացվի որպես առաջացած տարիքի մարդ, ում կյանքը կպատկերվի վերջինիս սեփական հիշողությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի մասին պատմող առաջին ֆիլմը նկարահանվել է 1960թ-ին: Կիմ Արզումանյանի սև ու սպիտակ ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակիցների պատկերացումներում 18-րդ դարի հայության կյանքի նկարագրի տեսանկյունից: