Թուրքիայի արտաքին գործոց նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե առաջիկայում մտադիր է մեկնել Ռուսաստան և քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված խնդիրները: Այցի ժամկետը դեռ հայտնի չէ:

Նախարարն ասել է, որ «Թուրքիան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են իրականացնել Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզը նախքան ամերիկյան ուժերի դուրսբերումը»:

Չավուշօղլուն ընդգծել է, որ «եթե Ֆրանսիան ցանկանում է պահպանել ռազմական ներկայությունը Սիրիայում «քրդական ահաբեկչական ուժերի» {խոսքը «Ժողովրդական ինքնապաշտպանություն» անվամբ քրդական ջոկատների մասին է} պաշտպանության համար, ապա դա շահավետ չի լինի ոչ Ֆրանսիայի, ոչ էլ այդ ուժերի համար»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել է, թե դուրս է բերում զինված ուժերը Սիրիայից, քանի որ «դրանց առջև դրված հիմնական նպատակն «իսլամական պետության» ջախջախումն էր, և այն այլևս իրականացվել է»:

Սիրիայում տեղակայված է ավելի քան 2 հազար ամերիկացի զինծառայող: Նրանց դուրսբերումը կտևի երկու-երեք ամիս: Միաժամանաակ Վաշինգթոնը հայտարարել է, որ դաշնակիցների հետ կշարունակի պայքարն «իսլամական պետություն» շարժման դեմ: Միացյալ Նահանգներն «իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունները նախաձեռնել է 2014թ-ի հունիսից Իրաքում և սեպտեմբերից՝ Սիրիայում: