Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյան Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այդ մասին փաստաբանը հայտնել է «Ազատության» հետ զրույցում։

Դատարանի որոշումը Հարությունյանը մեկնաբանել է որպես «չհիմնավորված, ոչ օրինական որոշում»։

«Դատարանը ընդհանրապես հաշվի չառավ պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները, իսկ փաստարկները բավականին ծանրակշիռ էին», - ասել է փաստաբանը:

Հարցին էլ, որ Ղազարյանը հայտարարություն էր տարածել՝ իր և ընկերոջ անունից պատրաստակամություն հայտնելով մոտ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը, այս մասով արդյոք որևէ ընթացք տրվե՞լ է, Հարությունյանն արձագանքել է. - «Որևէ նոր բան չկա, ընթացքի մասին ոչ մի նորություն չունեմ, հայտարարությունն էլ ուժի մեջ է»։