Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Ամանորին ընդառաջ անցնում է առավել խիստ վերահսկողության՝ գերիշխող ապրանքային շուկաներում: Վերահսկողությունն իրականացվելու է հակամրցակցային գործողությունների, շուկա մուտքի խոչընդոտների ինչպես նաև գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է նաև անբարեխիղճ տնտեսվարողների կողմից չարաշահումների որոշակի ռիսկեր, տարվա ընթացքում կատարվող շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի և դիտանցումների փոխարեն, հանձնաժողովը անցնում է ամենօրյա ռեժիմի:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերիշխող տնտեսվարողներին հորդորում է գործել բարեխիղճ և զերծ մնալ մրցակցային օրենսդրության խախտումներից:

Հանձնաժողովի աշխատանքային խումբը խոշոր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների վարքագծին հետևելու է մինչ Ամանոր և նաև հետտոնական օրերին՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը: Մրցակցության կանոնների խախտման այնպիսի դեպքեր հայտնաբերելիս, որոնք կվնասեն սպառողի կամ բարեխիղճ տնտեսվարողների շահերին, հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: