Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման և խաչքարերից մնացած բեկորների մասին
Հուշարձանագետ, պատմաբան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման փաստին․
«2005թ-ին Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումից դեռ կես դար առաջ` 1950-ական թթ-ի կեսերին ժողովուրդների եղբայրությամբ փայլող խորհրդային միությունում ադրբեջանական թուրքերը Ջուղայի ճակատագրին էին արժանացրել դարեր իշխանանիստ Ծար ավանի (Քարվաճառի շրջան) միջնադարյան գերեզմանոցները և ո՛չ ավել ո՛չ պակաս` մասնատված և շինանյութի վերածված քարերն օգտագործել դպրոցի կառուցման մեջ: Ահավասիկ ցարդ շենքի զանազան հատվածներում երևացող մի խումբ բեկորներ, որ ինչպես պարզվեց պատկանում են մեկ խաչքարի (գոնե վարդյակը երեք բեկորների մեկտեղմամբ մեծ մասով ամբողջացավ):
Հայրենիքի մասերը ոսոխի ճիրաններում թողնելիս մշտապես մշակույթով ենք հատուցել և ուրեմն փառք 1993թ-ին շրջանն ազատագրած մեր անմահ ռազմիկներին, այլապես այս բեկորներն էլ ադրբեջանական թուրքերը պիտի աղային այնպես, ինչպես խճազանգվածի վերածեցին Հին Ջուղայի աշխարհահռչակ գերեզմանոցի խաչքարերը»: