«2018թ-ին Բյուրականի աստղադիտարանի աշխատանքները բնականոն ձևով, նույնիսկ ավելի լավ են շարունակվել»։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին՝ նշել է աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նա շեշտել է, որ անգամ տրամադրված խղճուկ ֆինանսավորման պայմաններով էլ կարելի է շատ հաջողությունների հասնել, եթե համամասնությունը ճիշտ պահպանվի և ծախսերը նպատակային արվեն։

«Եթե ուզում ենք համաշխարհային գիտության մաս կազմել, պետք է անընդհատ զարգանալ։ 90-ականներին չկար գիտության նկատմամբ պատշաճ վերաբերմունք, դա ուներ թե օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներ, բայց անկախ նրանից, թե երկրի պետական բյուջեն ինչքան է կազմում, պետք է դրա գոնե մեկ-երկու տոկոսը հատկացվի գիտությանը։ Հայաստանն այն ամենաքիչ երկրների ցանկում է, որտեղ ամենացածր տոկոսն է տրամադրվում գիտությանը։ Նոր իշխանություններից սպասելիքներ կան, սակայն դեռևս շուտ է խոսել դրա մասին, քանի որ երևի ավելի «հրատապ» խնդիրներ կան, բայց որ պետք է գիտությանը ֆինանսավորում լինի պետբյուջեից, դա հաստատ է»,- նշել է Միքայելյանը։

Նա հայտնել է, որ 2019թ-ի պետբյուջեից իրենց տրամադրվել է 212 մլն դրամ է, ինչը պակաս է նախորդ տարվանից։ Նախորդ տարի այն կազմել է 227 մլն դրամ։ Միքայելյանի խոսքով՝ այդ գումարի 65 տոկոսը գնում է աշխատավարձերին, իսկ մնացած մասը իրենք ենք ներկայացնում, թե ինչպես բաշխվի։ Ինչ վերաբերում է ընդհանրապես աստղագիտությանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ասաց, որ աստղագիտությունը համաշխարհային գիտության մեջ գնալով ավելի ու ավելի է կարևորվում.

«Ցանկացած գիտություն ներկայումս զարգացման մեծ հեռանկարներ է տեսնում տիեզերքից ստացած տվյալների հիման վրա, այս միտումներին մենք ևս պետք է հետևենք։ Բնականաբար, մենք էլ ենք ցանկանում մեր արբանյակն ունենալ տիեզերքում՝ հետազոտություններ անցկացնելու համար։ Այդ հետազոտությունները կիրառվում են բազմաթիվ ոլորտներում, դրա մեջ ամենամեծ բաժինը կազմում են ռազմական հետազոտությունները, ինչը հասկանալի է, թե ինչ կարևորություն ունի մեր երկրի համար»։

Միքայելյանը հավելել է նաև, որ այս տարի երևի թե ամենաշատ կրթական վերապատրաստումներ, դասընթացներ ու միջազգային գիտաժողովներն է անցկացվել.

«Բյուրական գյուղն այսօր աշխարհի ամենահայտնի բնակավայրերից մեկն է, նույնիսկ շատերը չգիտեն, որ այն փոքրիկ գյուղ է։ Բյուրականը գտնվում է աշխարհի տասը խոշորագույն քաղաքների ցանկում, որտեղ տեղի են ունեցել միջազգային կարևորագույն գիտաժողովներ։ Զբոսաշրջիկների քանակը ևս ավելացել է այնտեղ»։

Անդրադառնալով նախարարությունների փակմանը և միավորմանը՝ Արեգ Միքայելյանն ասել է.

«Փակմանը դեմ եմ, ամեն ոլորտ պետք է իրեն տիրություն անող, պատասխանատու նախարարություն ունենա ու երկրի փոքր լինելը դրա հետ կապ չունի»։