Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար:

Խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված միջնորդության մեջ 8 պատգամավորի անվանացանկում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանի անունը, հայտնում է Ermenihaber-ը:

Մնացած 7 հոգուց 5-ը դարձյալ HDP-ից են: Ցուցակում զարմանալիորեն հայտնվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ռըզա Փոսաջըն: Իսկ 8-րդը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) պատգամավոր Յուքսել Մանսուր Քըլըչն է: