Մամուլի դերը, լրատվամիջոցների դերը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության գործում չափազանց մեծ էր։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված տարեմուտի ընդունելության ժամանակ:

«Իսկապես մամուլը կարողացավ կատարել այդ դերակատարումը և դառնալ վստահելի աղբյուր Հայաստանի քաղաքացիների համար, Սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ տեղեկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Մեր երկրի պատմության մեջ մամուլի դերը միշտ էլ բարձր է եղել, բայց հիմա, կարծում եմ, առավել բարձր է, որովհետև մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, իսկ այն, որ մեր երկիրը պետք է շատ հստակ և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով, կարծում եմ՝ բոլորիս էլ ակնհայտ է», - ասել է Փաշինյանը:

«Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր: Եվ ուզում եմ մեկնաբանել, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում և չի ձգտում միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, ինչը, իհարկե, չի կարող նշանակել, թե ամեն լրատվամիջոցի ներսում չկան ինչ-որ կանոններ և այլն, որոնք արդեն, ըստ էության, լրագրողի և լրատվամիջոցի հարաբերությունների խնդիրն են», - հայտարարել է կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, «որոշակի շոկ է նաև մամուլի համար, որովհետև լրատվամիջոցները, մենք բոլորս սովորել էինք աշխատել մի պայմաններում, մի տրամաբանության մեջ, և ըստ էության, շատերն էին տրամադրվել, որ դեռ շատ երկար ու երկար տարիներ այդ տրամաբանության մեջ են աշխատելու և այդ պայմաններում»: Փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, «շատ լրատվամիջոցների՝ իրենց սովորական աշխատանքի տրամաբանությունից դուրս են դրել, և որոշակի ժամանակ է հարկավոր, որ մենք բոլորս այդ իրավիճակին ադապտացվենք», ասել է Փաշինյանը:

«Մի բանում կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը պաշտպանելու և զարգացնելու համար, և, իհարկե, մենք ակնկալում ենք, որ այս հարցում կկարողանանք իսկապես արդյունավետ համագործակցություն ունենալ լրատվամիջոցների հետ», - հայտարարել է կառավարության ղեկավարը:

«Իհարկե, մեր ամենամեծ մարտահրավերը, որը ոչ միայն Հայաստանում է մարտահրավեր, այլև ամբողջ աշխարհում, այսպես ասած, «ֆեյքնյուզ» ինստիտուտի գոյացման պայմաններում ճշմարտությունը ոչ ճշմարտությունից տարբերելն է, և ես համոզված եմ, որ դուք բոլորդ, մենք բոլորս նվիրված ենք այս աշխատանքին և տրամադրված ենք համատեղ աշխատելու այդ նպատակին հասնելու համար», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

«Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի գործունեության նկատմամբ և լրագրողի գործունեության համար որևէ սպառնալիք չպետք է գոյություն ունենա, և, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի այս պայմաններն ապահովելու համար: Այս պայմաններն արդեն ապահովված են, և որևէ մեկը չի կարող այդ պայմանների համար ստեղծել սպառնալիք», - վստահեցրել է վարչապետի պաշտոնակատարը: